Էջ:Վերք Հայաստանի 20.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան չէ՛ր գիտում: Ախր մեկ մարդ որ անլվա հաց ուտի, ամսըներով չոլումն ու գոմումն իր օրն անց կացնի, նրանից էլ ի՞նչ հարցնես, ի՞նչ բեդամաղ ըլիս. նրա ասածը ո՞վ չվանի կդնի: Թեկուզ գեղըցին, թեկուզ յաբանի հայվանը, մի հեսաբ ա: Մեկ մարդ որ խաչ հանելիս չիմանա, թե ձեռը առաջ դո՞շին պետք է դրած, թե՞ ճակատին, ա՞ջու կողմը, թե՞ ձախու, սաղ տարին հինգ անգամ ժամի երես տեսնի, էլ ո՞վ նրա դնչին մտիկ կտա: Կըլի որ նրա բոլոր անբավականության պատճառը բարիկենդանն էր ու ժամի երկարիլը: Բալքի միտք էր անում, թե իր թայդաշ տղերքը էն սհաթին ձի ու ասպաբ հազրած՝ դուս ըլին էկած, ու ինքը ետ մնա: Բալքի թե հենց է՛ստուր համար էր նա էնքան դատ-բեդատ անում, տրտնջում, բերանը ավերում, հոգին ապականում. թե չէ նրա ձենը մինչև է՛ն օրը իր հերնըմերն էլ չէին լսել: Էս պատճառով կարելի ա նրա գիժ խոսքերը մոռանալ, նրան ներել ու էսպես ափեղցփեղ, հայվարա խոսողի բերանը ցխել, որ իր չափը ճանաչի:

Ուրեմն՝ լսողը թո՛ղ չբարկանա ու իսկույն ձեռք բարձրացնի, որ Աղասու բերնին խփի: Էսպես չար լեզու ուրիշ մարդիկ էլ ունին, բայց Աղասու բարի խասիաթը, բարի սիրտն ու հոգին քիչը կունենան: Էս հասակը հասել էր, քսան տարին անց կացել, նա դեռ հորնըմոր առաջին էնպես էր, ինչպես մեկ անմեղ գառը: Մեկ օր նրանց խոսքիցը չէ՛ր դուս էկել. մեկ օր նրա բերնիցը մեկ թթու խոսք չէ՛ր լսված. աչքը նրանց աչքին առնելիս՝ նա նրանց միտքը իսկույն իմանում ու գլուխը մահու էր տալիս, որ նրանց կամքը կատարի: Գեղըցիքը բոլոր նրա արևովն էին խնդում, նրա գլխովն օրթում ուտում: Ամենի աչքը նրա վրա է, նրան էր գովում, նրան էր օրհնում: Մեկին մեկ փորձանք դիպչելիս կամ մեկ դարդ ունենալիս նա իր գլուխը ետ էր դնում, նրա մուրազին հասնում: Բերնի թիքեն հանում էր, ուրըշին ուտացնում: Էնքան իր ապրանքին, իր հանդին ու մալին չէ՛ր մուղայիթ, որքան իր հարևանների:

Տանուտերի տղեն էր, աղքատի ու նաչարի ընկեր: Որբ էր նրա դուռը զալիս՝ սուփրեն էր բաց անում կամ քիսեն. ում գութան չուներ, իրանցը բան տալիս. ում եզն ու հոտաղ չուներ, իրանցն ուղարկում. ում փող չուներ, որ մշակ բռնի, իգին էտի, փորի յա թաղի կամ թաղը ետ տա, ինքն էր առաջ ընկնում, գեղի տղերքը հավաքում ու գնում նրա բանն՝ առանց կանչելու, առանց խնդրելու անում, ու իգու տերը մեջը մանելիս՝ աչքը մնում սառած, նրան ումբր ու արև խնդրում, չունքի թե մեկ տարի վազն անթաղ մնա մեր աշխարքումն, իսպառ կչորանա:— Շատ հերնըմեր երանի էին տալիս նրա հորն ու մորը, որ էնպես բարի զավակ ունեին: Ինչ տեղ